ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Համազգային թատրոնի շենքի կառուցման համար անհրաժեշտ է մոտ 4 միլիոն դոլար»

«Համազգային թատրոնի շենքի կառուցման համար անհրաժեշտ է մոտ 4 միլիոն դոլար»
12.12.2014 | 00:41

«Համազգային պետական թատրոնի համար 2014-ը ստեղծագործական առումով չգերազանցված տարի էր»,- այս մասին երեկ «Իրատես de facto» ակումբում ասաց թատրոնի տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ, նշելով, որ այս տարի ներկայացել են չորս պրեմիերաներով. Վիլյամ Շեքսպիրի «Համլետ», Դանիիլ Խարմսի «Լյու Բոֆ» նախադեպը չունեցող, էքսպերիմենտալ ներկայացումները, Ռեյ Կունիի «Զվարճալի փողեր» պիեսի հիման վրա բեմադրված «Ջեք փոթ»-ը: Դեկտեմբերի 19-ին կներկայացվի Գուրգեն Խանջյանի «Արտավազդ-Շիդարը» պիեսի բեմադրությունը (ռեժիսոր՝ Արմեն Մեհրաբյան):
Բանախոսն անդրադարձավ նաև բացթողումներին, նշելով, որ դրանք ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ. «Այս տարի նախատեսել էինք ընդհանուր առմամբ խաղալ 125 ներկայացում, բայց չկարողացանք նախատեսած քանակն ապահովել: Դա ես համարում եմ մեր բացթողումներից մեկը: Մյուս կողմից՝ 23- հոգանոց դերասանախումբ ունեցող թատրոնի համար անհնար է ապահովել նոր ներկայացումների շարք, միևնույն ժամանակ ակտիվ պահել խաղացանկային ընթացքը»: Անդրադառնալով թատրոնի շենքի կառուցման խնդրին՝ Վարդան Մկրտչյանը տեղեկացրեց, որ մայիսից հայտարարել են համազգային դրամահավաք թատրոնի շենքի կառուցման համար, ինչին շատերն են արձագանքել գործնականորեն: «Այդ ներդրումները կարող են լինել փոքր, միջին, դա չէ կարևորը, ուրախալին այն է, որ այն իսկապես ստանում է համազգային բնույթ: ՈՒնենք երկու խոշոր նվիրատու. Խաչիկ և Արմինե Թիթիզյանները ԱՄՆ-ից մեկ միլիոն դրամ նվիրաբերեցին, նույնչափ գումար է տրամադրել «Անելիք» բանկը, սակայն գումարի մի մասն ուղղվել է Սոս Սարգսյանի՝ պանթեոնում տեղադրված արձանի կառուցմանը: Նախնական հաշվարկով` շենքի կառուցման համար անհրաժեշտ է մոտ (ոչ ոք հստակ չի կարող այդ թիվն ասել, մինչև չունենա մասնագիտական եզրակացություն) 4 միլիոն դոլար: Մենք ունենք մոտ 4 հազար դոլար: Իրականում շատ հեռու ենք այդ թվից»:
2015-ին նախատեսվում են մեծամասշտաբ միջոցառումներ՝ բարեգործական համերգներ, ներկայացումներ, արշավներ, ճաշկերույթներ, ինչպես նաև հեռուստամարաթոն կամ տելեթոն: Հեռուստամարաթոնը նախընտրելի տարբերակ չէ, քանի որ ծախսված գումարը կարող է չարդարացնել իրեն:
Հարց է առաջանում ՝ իսկ ո՞ւր մնաց պետական աջակցությունը:
«Առանց պետական աջակցության այս ծրագիրը պետք է համարենք անիրատեսական: Տարբեր միջոցառումների, անհատների շնորհիվ հավաքված գումարը լավագույն դեպքում կարող է հասնել մեկ միլիոնի»,- եղավ պատասխանը:
Սոս Սարգսյանի վերջին երազանքը իրականություն դարձնելու խոստումները մնացել են կես ճանապարհին: Լրագրողները նկատեցին, որ անգամ հանրապետության նախագահն է նման խոստում տվել անվանի դերասանին:
«Վերջին ամիսներին տարաբնույթ քաղաքական գործընթացներ տեղի ունեցան, և մենք բարոյական իրավունք չունեինք այդ խառը իրավիճակում նախագահին անհանգստացնելու մեր շենքի խնդրով»,- պատասխանեց բանախոսը:
Սունդուկյան թատրոնի վերանորոգումն ընթացքի մեջ է: Նկատեցի, որ գրեթե միաժամանակ բարձրացվել են երկու թատրոնների խնդիրները, գուցե հաջորդիվ գործը հասնի Համազգայինի՞ն: Վարդան Մկրտչյանը նկատեց, որ երբ համազգային թատրոնի շենքի հարցը բարձրացվեց, դեռ Սունդուկյանի վերանորոգման հարցը չկար. «Սունդուկյանի թատրոնը «Լինսի» միջոցներով վերանորոգված կառույց է, իսկ համազգային թատրոնը նույնիսկ որևէ տեխնիկական վերազինում չի իրականացրել, չի օգտվել որևէ խոշոր ծրագրից: Ես ուրախ եմ, որ Սունդուկյանը վերանորոգվում է, և որևէ կապ չեմ տեսնում դրանց միջև: Որքան ես տեղյակ եմ, 7 միլիոն եվրո է նախատեսվում ամբողջական վերանորոգման համար, դրա կես գումարով կարելի է կառուցել համազգային թատրոնը»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 30207

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ